Ստորաքարշության անսահմանությունը

ՀՀ լեզվի օրենքի ձեւախեղումից հետո երկար ժամանակ ինձ նման շատերն իրենց տեղը չէին գտնում. օրը ցերեկով ի լուր աշխարհի հայոց կարծեցյալ պետությունը հռչակեց իր իրական չգոյությունը։ Մեր «օրինադիրները» կարծում են, թե հեռու են իրենցից դժոխային կրակները, ուստի ժամանակ առ ժամանակ հորթի հրճվանքով իրազեկում են մեզ Հայաստանում այս կամ այն օտար դպրոցի, օտար մանկապարտեզի կամ, ասենք, Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի մոտալուտ բացման «ավետիսը»։ Փաստորեն, դեռ քիչ են մեր բուհերի օտար լեզուների բաժինները, քիչ է նաեւ ռուսերեն ուսուցմամբ ամենատարբեր մասնագետներ պատրաստող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որի շրջանավարտների մի մասը կամ հեշտությամբ լքում է երկիրը, կամ իր «մայրենի» լեզվով աշխատատեղերի պահանջ ներկայացնում։

Եվ այդ մի «բացն» էլ պիտի լրացներ մեր ճաճանչամիտ նախարարը, տեղայնացներ մոսկովյան մայր բուհը Հայաստանում՝ թքելով մեր բոլոր բուհերի վրա՝ մայր բուհի գլխավորությամբ։ Եվ շտապո՜ւմ է նա. ախր Հայաստանը երկու տարով հետ է մնացել Ադրբեջանից. ա՛յ քեզ գետինը մտնելու չափ ամոթալի խայտառակություն, ա՛յ քեզ կապիտալիստական սոցմրցություն…

Ի սեր մայր Ռուսիո, ուրեմն, նրա հետին ծայրագավառը եւս՝ ի տես մեր երկրի, անմասն չէ նրա պետականության 1150-ամյակի գալիք շռնդալից տոնաշարին, եւ ահա հյուսիսային արջի նուրբ տեղերը դուրալի խուտուտ տվող առաջնեկն էլ ԿԳ նախարարությունն է։ Բացեք «Կրթություն» թերթի այս տարվա «15. 02» թվագիր համարի նախավերջին էջը. էջի մեկ երրորդից ավելին տեղ է զբաղեցնում ռուսագիր մի հայտարարություն (ակա՜նջդ կանչի, կարծիքատեր Սերգո ջա՛ն) առ այն, որ այսպես ու այսպես, ի լրումն մեր ռուսաց մեծ տերության հոբելյանի, հայոց ավագ դպրոցի սաների համար՝ շարադրության, բուհերի ուսանողների համար խոհագրության մրցույթ է հայտարարվում (համբերությո՜ւն ընթերցողիս)՝ «Ռուսաց լեզուն՝ ռուսական պետականության հիմք» խորագրով…

Եթե «մեր» կրթության պատասխանատուները չեն ուզում, որ ստորաքարշություն համարվի իրենց այս «ակցիան», առաջարկում եմ սպառիչ պատասխան տալ հետեւյալ հարցերին.

ա) Միայն ռուսաց լեզո՞ւն է, որ իր ժողովրդի համար իր երկրի պետականության հիմքն է, թե՞ ուրիշ լեզուներ էլ ունեն այդպիսի համարում։

բ) Ռուսաց լեզուն ռուսական պետականության հիմքն է, իսկ հայոց լեզուն՝ հայոց պետականության հիմնաքանդ գործի՞քը։

գ) Ռուսաց լեզուն ռուսակա՞ն, թե՞ հայկական պետականության հիմքն է. հայոց կրթության նախարարի առաքելությունն ուրիշ պետության հիմքի ամրապնդմամբ հրճվելն է եւ սեփական պետության հիմքը խարխլե՞լը։

դ) Լինելով ռուսների պետականության հիմքը՝ ի՞նչ է պարտավորեցնում այն հայ աշակերտին եւ ուսանողին. ինչո՞ւ է հայոց պետության կրթական բարձրագույն գերատեսչությունը մակերեսային հմայվածության պատրանքով մշուշապատում հայ պատանու եւ երիտասարդի գիտակցությունը հանդեպ օտարը, երբ պարտավոր է իր երկիրը սիրող հայրենասեր հայի քաղաքացիության վսեմ զգացումներով տոգորել նրանց՝ այլ մշակույթների նկատմամբ հարգանքի մարդկային դիմագծով։

Շնորհավորելով մեր վա՜յ-հայ ուսյալներին մայրենի (= ռուսաց) լեզվի օրվա առթիվ՝ ասեմ, որ հասկանալի պատճառներով լուրջ պատասխանի սպասելու միամտությամբ չեմ տառապում, ուստի մեր մշակութային արժեքների դեմ ոտնձգություններ հրահրողների նկատմամբ համոզմունքս էլ փոխել չեմ կարող։  Տե՛ս հոդվածիս վերնագիրը։

Դավիթ Գյուլզադյան

www.hraparak.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Խախտումներ, Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.