Հարգարժան պարոն Մարգարյան

Երեւան, 25 ապրիլի 2006

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ պարոն Անդրանիկ Մարգարյանին,

Հարգարժան պարոն Մարգարյան,

ՀՀ-ում համընդհանուր կերպով այլանդակվում, ստորացվում եւ սպանվում է հայոց լեզուն: Հայոց գրերի գյուտի 1600-ամյակն իբր թե պետականորեն նշած պետության մեջ հայոց լեզվի վիճակը պարզապես ողբերգական է: Այս վիճակը հարուցում է ոչ միայն հայրենաբնակ հայոց, այլեւ սփյուռքահայերի խիստ դժգոհությունը, որի արտացոլումներն են բազմաթիվ հրապարակումները հայկական մամուլում (նման բազմաթիվ հրապարակումների պատճեններ, ինչպես նաեւ լեզվական օրենսդրության խախտումների իրեղեն ապացույցներ պարբերաբար մատակարարել եմ Լեզվի պետական տեսչության այսօրվա պետին): Սակայն, հակառակ այս բոլորի, վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլեւ օրեցօր ավելի խայտառակ դրսեւորումներ է ունենում: Հիշեմ ընդամենը մի քանի օրինակ. «Ռուսսկիյ յազիկ վ Արմենիի» հանդեսում (որի գլխ. խմբագիրն է ՀՀ-ում երկլեզու-բազմալեզու գիտափորձ-փորձանքի հեղինակ, հրեուհի Բելլա Եսաջանյանը եւ որի համահրատարակիչներից մեկը պետական մարմին է, այսինքն հանդեսը լույս է տեսնում նաեւ մեր, հարկատուներիս հաշվին), հրապարակվել է Գյումրիից հայանուն մի ուսուցչի (կամ ուսուցչուհու) ստորագրած մի հոդված, որի վերնագիրն է «Մայա ռոդինա — ռուսսկիյ յազիկ»: Հիանալի է: Երեկ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալիս, համալիրի մուտքի դիմաց տեսա ալկոհոլային խմիչքի մի պաստառ — «Գասպադա օֆիցերի» հայաստանյան արտադրանքը գովազդող: Եթե սա մերօրյա հայոց ցեղասպանություն չէ, հապա ի՞նչ է: Նման մի հայաստանյան արտադրանք «Էս. Էս. Էս. Էր.» անունով, գովազդվում է Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա (մեղա, մեղա հայոց մեծագույն սրբին) հատույթում, ուղեկցված «կարոտ անցյալին» հիասքանչ հավելումով (երեւի այս կարոտի համար էիք Դուք եւ ուրիշներ տասնամյակներ առաջ «վայելում» խորհրդային ճամբարների «բարիքները»): Նույն հատույթում ամիսներից ի վեր ցուցադրվում է «Ամերիա» իրավաբանական խորհրդատվական ինչ-որ կազմակերպության ցուցանակը, որտեղ ռուսերենին ձեռնոց է նետել անգլերենը: Իհարկե, չեմ ասում, թե հիշյալ բոլոր ցուցանակներում հայերենն ընդհանրապես գոյություն չունի:
Արժե ավելացնել, որ նման խայտառակությունների տերերի մի մասը հանրապետականներ են (մի կողմ թողնենք այն սահմանադրական դրույթի խախտումը, որով արգելվում է օրենսդիր եւ գործադիր պաշտոններ զբաղեցնողներին զբաղվել գործարարությամբ):
Այսքանը բավարար չէին կարծեք, ահա ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունը ՀՀ-ում  կացության հատուկ կարգավիճակի փաստաթղթեր է տալիս սփյուռքահայերի, որտեղ հիմնովին այլանդակվում են նրանց անձնանունները: Այս մասին Ձեզ իրազեկվել է «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն պր. Գագիկ Հարությունյանի միջոցով, բայց վայրագությունը շարունակվում է «հարվածային» տեմպերով:
«Մեր դեմ խաղ չկա» ստոր սկզբունքը անարգել գործում է նաեւ լեզվական ոլորտում:
Վերջերս եղա Լեզվի պետական տեսչության պետի մոտ: Սա միայն նվնվում է, թէ կարգավիճակ չունի, փող չունի, հաստիք չունի, իրավաբան չունի, սա չունի, նա չունի, ստուգումների ժամանակ իր աշխատակիցներին սպառնում են ծեծել, ինք ուժ չունի դեմ դնելու օրինախախտ օլիգարխներին եւ այլն եւ այլն…
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ հայոց լեզուն ՀՀ-ում զոհ է գնում ներկոալիցիոն կուսակցական խարդավանքներին:
Արժե հիշեցնել ձեզ նաեւ այն, որ այս բոլոր խայտառակությունները ՀՀ-ում «բարգավաճում են» այն իշխանության օրոք, որի քաղաքական պատասխանատվությունը կրում են երեք կուսակցություններ, որոնցից մեկը բարբաջում է օրենքների երկրից, մյուս երկուսը — ազգայնականությունից, ընդ որում ՀՀԿ-ը — ցեղակրոնությունից:
Հարց եմ տալիս ձեզ. արդյոք սա՞ է քարոզում նժդեհյան ցեղակրոնությունը: Անձնապես Դուք, պարոն Մարգարյան, որպես նախկին քաղբանտարկյալ, «հայդատ»-ական եւ ներկա նժդեհական, ՀՀԿ նախագահ ու ՀՀ վարչապետ, ի վերջո որպես պարզապես հայ մարդ, ամոթ չե՞ք զգում նման իրավիճակի գոյատեւման համար:
Սույնով դիմում եմ Ձեզ, խնդրելով նվաստիս ընդունել 10-15 րոպեով, ՀՀ-ում հայոց լեզվի այսօրվա անընդունելի վիճակից դուրս գալու վերաբերյալ որոշակի գաղափարներ փոխանակելու համար: Նախընտրելի է, որ մեր զրույցին մասնակցի նաեւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ պր. Լավրենտի Միրզոյանը, որը նաեւ նվնվում էր, թե չի կարողանում Ձեր ընդունելությանն արժանանալ:

հարգանքներով

Գեւորգ Յազըճյան
(կացության հատուկ կարգավիճակի նոր փաստաթղթով —
Կեվորկ Քրիքոր Յազեջյան)

Գրառումը կատարվել է Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.