Արձագանք Խարկովից

Հարգելի՛ ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արսեն Տեր-Հարությունյանի արձագանքը Աննա Աղլամազյանի` Լեզվի ժողովրդական տեսչության կայքում տեղադրված մի գրառման շուրջ, ինչպես նաև հեղինակի պատասխանը:
 
Լեզվի ժողովրդական տեսչություն
 

Բարե՛ւ Ձեզ, հարգելի՛ Աննա կամ կայքէջի խմբագրություն:

Հույս ունեմ, որ մեկս մյուսի սխալներն ուղղելով՝ միայն արդարությունն ենք հաստատում: Ահա կարդացի «Մենք խոսում ենք… եսիմ-ինչերեն»-ը եւ «Ռուսերեն բառեր պետք է օգտագործել ռուսերեն խոսելիս, իսկ հայերեն խոսելիս պարտավոր ենք հայերեն բառեր օգտագործել»-ը եւ … մի քանի ասելու բան ունեմ.

ա. եսիմինչերեն. առանց գծիկի պետք է գրվի, քանի որ հայերեն, ռուսերեն եւ նման այլ բառերի կաղապարով է կազմված, եւ այնտեղ երեն-ը միայն մասնիկ է, այլ ոչ թե ինքնուրույն բառ, որպեսզի այն կարողանա գծիկով գրվել:

բ. հո(մ), խո(մ)՝ վրացերեն է, եւ մաքրամոլը խոսակացականում կասեր հետադաս չէ՞-ն:

գ. թեյնիկ. այս բառն արդեն քսան տարի ականջիս չէր հասել: Թեյնիկն ի՞նչ բան է, ինչերե՞ն է, հայե՜ր: Թեյաման է հայերեն: Լավ է սուրճնիկ չեք խորհուրդ տալիս ասել սրճեփին: 

դ. հաջող-ն ածական է, իսկ մաղթում ենք հաջողություն: Հաջող-ը պըրիվետ ասողներն են ասում: 

ե. համ … համ. սա պարսկաբանություն է, այն էլ ուշ միջնադարյան: Հայերեն խոսակցականում կարելի է ասել հետադաս … էլ  … էլ, եթե եւ … եւ-ը շատ գրական է թվում: Պարսկերենից այն անցել է նաեւ թրքերենին՝ հեմ .. հեմ …:

զ. նորմալ-ն ռուսերենից է բռնի ներմուծվել հայերեն, խորհրդայնացման առաջին տարիներին:

Այս բառը մինչեւ 1917 թիվն ռուսերենում ունեցել է միայն բժշկական իմաստ՝ հոգու կամ մարմնի առողջությունը նկարագրող: Հայերենում կարգին բառը կա:  է. ընդհանրապես. սա մի սարսափելի սխալ կերպով կիրառվող բառ է: Սխալի արմատն ռուսերենում է. բացասական նախադասությումում մի բան ամբողջովին ժխտելիս՝ սովսեմ կամ սովերշեննո բառերի տեղն ռուսերենում վոոբշե են ասում, մենք էլ իրենց սխալն են պատճենում: Հայերենում այդ նպատակին ծառայող բոլորովին բառը կա:  

Երբ մայրս մի կամ երկու ամիս Երեւանում հանգիստն անցկացնելուց հետո վերադառնում է Խարկով, որտեղ մենք «ժամանակավոր» ենք բնակություն հաստատել, նա իր հետ Գառնիի էլեկտրական թոնիրներում թխված «իսկական» լավաշից, ֆոտած պանրից, մի շիշ հայկական ջրից եւ շատ այլ հայկական ուտեստներից բացի, ընդհանրապես-ն, իհարկե-ն ու ուղղակի-ն է բերում՝ երկու մե՜ծ ճամպրուկ, որոնք հետո շա՜տ ամիսներ գլուխս տանում են: Առաջ մայրս կարգին խոսում էր, բարբառի եւ Երեւանի կեղծ գրականի խառնուրդով. ըսկի էր ասում, եւ ոչ սխալ ընդհանրապես կամ ճիշտ բոլորովին, գրաբարյան իհարկե-ն բարբառային բա-ի համադրությամբ բա իհարկե չէր ասում, սխալ շեշտով (իհարկե՛ ՝ սա է ճիշտը) այլ՝ բա ոնց, ուղղակի-ի տեղն էլ՝ էն ա որ: Անցյալ աշնանը պայուսակով գնաց պայուսՅակով եկավ, մեջն էլ թրքի բալա բառն էր բերել՝ մաքսանենգ ճանապարհով. մի շաբաթ թրքի բալա բառով հորջորջվեցի: 

Հիմա մտածում եմ, որ մյուս անգամ մի հեռու լեռնային գյուղ եմ ուղարկելու մորս, որտեղ մեղկ ու թուլամորթ քաղքենու քմայնացած լեզվից դուրս պրծած վարակը դեռ չի հասել, որտեղ թոնրի լավաշ են թխում, այլ ոչ՝ էլեկտրական թվայնացված լՅավաշ, մարդիկ էլ դեռ մարդ են՝ հայի էության պես կոշտ ու կոպիտ հայերենով, այլ ոչ՝ մառռռթ: Է՜հ:

Արսեն Տեր-Հարությունյան

16 ապրիլի

…………………………………………………………………………………………………

Հարգելի´ պրն. Արսեն Տեր-Հարությունյան,

Շնորհակալություն Ձեր կարծիքի համար:

Լեզվի ժողովրդական տեսչության կայքում տեղադրվել էր ֆեյսբուքյան իմ գրառումը, որը ես հոդված չէի անվանի. այն, կարելի է ասել, ծնվեց մի քանի րոպեում (երբ այս թեմային առնչվող մի դեպք ինձ խիստ զայրացրեց): Հետևաբար, խիստ սիրողական բնույթ ունի և ուղղված էր իմ ֆեյսբուքյան ընկերներին: Չէի կարծում, որ ՖԲ սահմաններից այն դուրս կգա:

ա. եսիմինչերենի գրության հետ կապված, իհարկե, համաձայն եմ: Բայց քանի որ տեսողական առումով դժվարընթեռնելի էր, առանձնացրի գծիկով (չնայած դա ինձ չի արդարացնում:)

գ. «թեյնիկ» այնքան շատ եմ լսել, որ ինձ մոտ այս բառի հետ կապված հարց չի առաջացել: Գովազդներում միայն թեյնիկ են վաճառում, լոտոներով միայն թեյնիկ են շահում… Իհարկե, սրանք նույնպես հիմք չեն թեյնիկը ճիշտ համարելու…

դ. «պակա»ն այնքան է մտած մեր առօրյա, որ ես չգիտեմ՝ ուրիշ ինչ «մրցունակ» բառ պետք է լինի, որ «պակա»ն կարողանա դուրս մղել: «Հաջողություն»ը, «ցտեսություն»ը, իհարկե, ճիշտ տարբերակներն են, բայց առօրյայում, արագ խոսքի մեջ կարծես կրճատվել են՝ դառնալով՝ «հաջող» ու «ցը»:

ե. համ… համ և ընդհանրապես. սրանց մասին չգիտեի: Շնորհակալություն, անպայման հաշվի կառնեմ: Հո-ն մեջ է ընկել, որովհետև շատ է կիրառվում. վատ սովորության արդյունք է:

զ. «նորմալ»ը, կարծում եմ, դուրս չի եկել բառապաշարից, որովհետև «կարգին»ը այդքան լայն ընդգրկում չունի, որքան «նորմալ»ը: Օրինակ, կան մաշկի խառը, յուղոտ և նորմալ տիպեր: Ի՞նչ եք կարծում՝ կարելի՞ է ասել մաշկի կարգին տիպ:

Ես ինքս շատ-շատ դեռ պետք է սովորեմ: Այս գրառումս փոքրիկ կոչ էր՝ ուղղված հատկապես իմ աշխատանքային ընկերներին (մի անգամ լսեցի նրանցից երկուսի խոսակցությունը. ռուսական կրթություն ստացած հայ կինը վեճի ժամանակ հայկական կրթություն ստացած հայ կնոջն ասաց. «Որ ռուսական կրթություն ստացած լինեիր, մի քիչ խելք կունենայիր ու կհասկանայիր ասածս…»): Սրան գումարվեց լատինատառ հայերեն գրելու համար մարտնչող ծանոթներիս ասածները, ու ֆեյսբուքյան իմ էջը օգտագործեցի իմ կարծիքն արտահայտելու համար:
Կրկին շնորհակալ եմ, որ իմ գրառումը ընթերցել եք ու ժամանակ եք տրամադրել՝ գրելով Ձեր մեկնաբանությունները: Սիրով ու մտահոգությամբ ընդունում եմ բոլոր դիտողությունները. դրանք ապացուցում են, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք ու որ երբեմն անգիտակցաբար «վնասում» ենք հայերենին…

Հարգանքով՝
Աննա Աղլամազյան  

 

 

 

 

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Խախտումներ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.