Մարտի 29: Ժամը 13:00: Երեւան, «Մոսկվայի տուն»: ՀՀ-ում գործող ռուսական մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպում ՀՀ-ում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնում աշխատող եւ 2-րդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետ Վիկտոր Վլադիմիրի Տելյատինի հետ:
Հետաքրքրությունից մղված ներկա գտնվեցի ավելի քան երկու ժամ տեւած այս հանդիպմանը:
Նախ` մի քանի նկատողություններ ներկաների մասին: Նրանց արտաքին տեսքից երեւում էր, որ ջախջախիչ մեծամասնությամբ ռուսներ էին, առնվազն` սլավոնական ազգի մարդիկ, հիմնականում` կանայք, առաւելաբար բալզակյան տարիքի: Հարցուպատասխանից պարզվեց, որ վերջիններիս կարեւոր տոկոսը խառն ամուսնություններում գտնվող կանայք են, մեծ մասամբ` ՀՀ քաղաքացիներ, մեր հանրապետությունում հաստատված առավելաբար ամուսնությունից հետո: Կային նաեւ ՀՀ հայազգի քաղաքացիներ, ում հուզում էր հանրապետությունից փախուստ տալու, կամ, նվազագույնը, ՌԴ քաղաքացիություն ստանալու «երջանիկ» հեռանկարը (ամո’թ եւ անե’ծք նրանց): Հարցերի էությունը ոչ մի կասկած չէր թողում, որ ներկաները` ՀՀ թե’ հայազգի եւ թե’ ռուսազգի քաղաքացիներ, բոլորը, առանց բացառության, ՌԴ քաղաքացիություն են ուզում ձեռք բերել: Նրանց մի մասը, այդուհանդերձ, վերջինս ստանալու դեպքում, ցանկություն էր հայտնում որպես ՌԴ քաղաքացիներ ապրել … ՀՀ-ում:
Ինձ մտահոգում էր հատկապես հայոց լեզվի նկատմամբ ներկաների վերաբերմունքի հարցը: Այն, որ այս հարցը արծարծվելու էր, կասկած իսկ չունէի: Սակայն, դա բարձրացրեց առաջին իսկ հարցադրողը` ռուսազգի մի տիկին, որ ներկայացավ ՀՀ ԳԱԱ ինչ-որ մի գիտահետազոտական ինստիտուտում 40 տարի աշխատած գիտաշխատող, ում երկու որդիները, իր նման, ՀՀ քաղաքացիներ են, բազմաթիվ բարձրագույն դիպլոմներ ունեն, սակայն ՀՀ-ում աշխատանք չեն գտնում հայերեն չիմանալու պատճառով: ՌԴ դիվանագետը բացատրեց, թե ՀՀ-ը 1991-ի սեպտեմբերից գերիշխան պետություն է, ունի իր պետական լեզուն, որի գործառույթները պարտավոր են բոլորը, առաջին հերթին, ՀՀ բոլոր քաղաքացիները հարգել` անկախ իրենց ազգային ծագումից: «Գիտնական» տիկինը կատաղեց. ինչպե՞ս թե ռուս դիվանագետը չի պաշտպանում ռուսների եւ ռուսաց լեզվի շահերը ՀՀ-ում: Վերջինս բազմիցս բացատրեց, թե իրավական տեսակետից, ՀՀ ռուսազի քաղաքացիներն իր եւ իր ներկայացրած պետության համար օտարերկրացիներ են, իսկ իրենք իրավունք չունեն միջամտելու ուրիշ պետությունների եւ նրանց քաղաքացիների ներքին գործերին,: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պարզապես պարտավոր է իմանալ իր պետության պետական լեզուն: Նա որպես այլընտրանք առաջարկեց տեղափոխվել ՌԴ, ստանալ ՌԴ քաղաքացիություն եւ համապատասխան աշխատանք գտնել արդեն ռուսական հայրենիքում: «Գիտնականը» համառեց: Ինք եւ իր որդիներն ուզում են ՌԴ քաղաքացի դառնալ, բայց ապրել ՀՀ-ում, որդիներն այստեղ աշխատեն` ռուսաց լեզվով, իսկ ինք ՌԴ կենսաթոշակ ստանայ եւ ոչ թե ՀՀ «ողորմելի կենսաթոշակը»: ՌԴ դիվանագետն ստիպված եղավ բացատրել, թե ինք չի զբաղվում քաղաքական հարցերով, այլ հանդիպման եկել է իր ազգակիցներին (ՌԴ, ՀՀ կամ այլ քաղաքացի) պարզաբանելու համար որոշ հարցեր, որոնց նրանք բախվում են ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնում: Հարձակման էստաֆետը վերցրեց մեկ այլ ռուսազգի տիկին, պահանջելով, որ Վլադիմիր Պուտինը կամ նրան հաջորդելիք Մեդվեդեւը, ոչ ավել, ոչ պակաս, ճնշում գործադրեն Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի վրա, որպեսզի ռուսերենն ազատ գործառնի ՀՀ-ում: Դիվանագետը բացատրեց, թե ճնշումների գործադրումը միջազգային հարաբերություններում անընդունելի է, եւ մի անգամ եւս պահանջեց իրեն քաղաքական բնույթի հարցեր չտալ: Հազիվ խոսքն ավարտած, իր տեղից վեր կացավ մի երրորդ տիկին եւ հայտատարեց բառացիորեն հետեւյալը. «ՀՀ ռուսների շահերի դավաճանները, պարզվում է, ոչ թե ՀՀ իշխանություններն են, այլ` Ռուսաստանն ու նրա իշխանությունները»: Ռուսազգի ներկաների մի մասը, նաեւ ազգուրաց հայազգիներ, հավանության բացագանչություններով արձագանքեցին այս «հերոս» տիկնոջ:
Իսկապես խղճացի ռուս դիվանագետին: Նա ավելի քան կես ժամ բացատրում էր, թե քաղաքացիությունը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտավորություններ, հաճախ առաջարկելով այդ հարցերի բարվոք լուծման համար տեղափոխվել ՌԴ, քաղաքացիություն ստանալ եւ այնտեղ էլ շարունակել իրենց կենսագործունէությունը, սակայն միշտ բախվում էր պնդաճակատների համառությանը, ովքեր պահանջում էին իրենց լեզվական, կենսաթոշակային, քաղաքացիության, աշխատանքի եւ այլ հարցերը լուծել ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու, ՀՀ ներքին գործերին միջամտելու եղանակով: Ռուս դիվանագետը նույնիսկ ստիպված էր խոստովանել, որ իր հետ անհուսորեն վիճողների մտածելակերպը ոչնչով չի փոխվել սովետական ժամանակների մտածելակերպից: Նա նույնիսկ համեմատություն արեց ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ` քաղաքացիության դիմորդներից պահանջվող լեզվական իմացության պարտադիր նորմի կտրվածքով. ՌԴ քաղաքացիության դիմորդը պարտավոր է ռուսերենի իմացության քննություն անցնել եւ համապատասխան տեղեկանքը ներկայացնել դիմումը քննարկման ընդունող պետական մարմնին: Ռուս դիվանագետը հայտնեց, որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող հայերը սիրահոժար կերպով կատարում են այս պահանջը, մինչդեռ ՀՀ ռուսազգի քաղաքացիները համառում են հայերեն չսովորել, ՌԴ իշխանություններից հետեւողականորեն պահանջելով իրենց լեզվական հարցերը լուծել միջպետական հարաբերություններում անընդունելի եղանակներով:
Հակառակ երկարատեւ բանավեճի, ռուս դիվանագետն ու նրա` ՀՀ քաղաքացի ազգակիցները լեզվական հարցում շատ հեռու մնացին համաձայնության սկզբունքներից:
Հանդիպմանը ներկաների լեզվամտածողության իմ դիտարկումներից եկա այն եզրակացության, որ ՀՀ սլավոնական ազգության քաղաքացիների ավելի քան 95 տոկոսը հայերեն չի իմանում նույնիսկ տարրական խոսակցության մակարդակով, ուր մնաց խոսել հայոց լեզվին` այսինքն ՀՀ պետական միակ լեզվին տիրապետելու մասին: Այս ամոթալի փաստը եթե մի կողմից նշյալ խմբի քաղաքացիների համառության մասին է վկայում, մյուս կողմից հաստատում է, որ ՀՀ իշխանություններն ու ՀՀ հասարակությունն առհասարակ նրանց չեն ստիպում հարգել ՀՀ պետության միակ լեզուն, այլ` օտարամոլություն եւ ստրկամտություն դրսեւորելով` ընդառաջում են նրանց անօրինական եւ մեծապետական մտածելակերպից բխող պահանջներին (ցավով հաստատում եմ, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարների մեծ մասի մոտ եւս այս երեւույթը առկա է, այն էլ` նույնիսկ ՀՀ հայազգի, բայց օտար լեզվամտածողության քաղաքացիների հետ իրենց շփումների ընթացքում):
ՀՀ պետական համապաստասխան մարմինները պետք է անհրաժեշտ հետեւություններն անեն հայոց լեզուն արհամարհելու` ՀՀ քաղաքացիների մի մասի խայտառակ փաստից, եթե ցանկանում ենք իբրեւ անկախ պետություն գոյատեւել այս արեւի տակ: Այս ամոթալի իրականությունը անհապաղ պետք է շուռ չտրվի, այլապես կարող ենք կորցնել առհասարակ պետականությունը, առնվազն` անկախ պետականությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները, անխտիր, իրենց ազգությունից անկախ, պարտավոր են տիրապետել հայոց լեզվին: ՀՀ, որպես պետություն, պարտավոր է իր քաղաքացիների համար պետական միակ լեզվի իմացության բավարար մակարդակ ապահովել:
Վատ չէր լինի, եթե ՀՀ քաղաքացիների համար սահմանվեին հայերենի իմացության հնգամյա քննություններ, ձախողածներին զրկելով ՀՀ քաղաքացիությունից: Վերջապես, անկապ պետությո՞ւն ենք, թե՞ ոչ:
Գեւորգ Յազըճյան