Լեզվի խնդիրը կդառնա՞ կուսակցությունների նախընտրական ծրագիր

Մոտ մեկ ամիս առաջ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը մի փաստաթուղթ էր պատրաստել, որտեղ առաջ էր քաշել լեզվի հետ կապված մի շարք խնդիրներ եւ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել դրանք ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում: Մասնավորապես վերացնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը: Ինչպես նաեւ ներմուծել հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրեր, ապահովել համացանցային որակյալ կրթական բավանդակության հայացում, ստեղծել համացանցում հայալեզու որոնման համակարգ, էլեկտրոնային բառարաններ եւ էլի մի շարք խնդիրներ:

Նախաձեռնող խումբը 7 կետից բաղկացած փաստաթուղթը նախ ուղարկել է կուսակցություններին, ապա հանդիպումներ ունեցել նրանց հետ: Ինչպես նշեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներ Արամ Ապատյանն ու Վահան Իշխանյանը, փաստաթուղթն ուղարկվել է ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին, «Ժառանգությանը» եւ «Ազատ դեմոկրատներին»: Ըստ Վահան Իշխանյանի, հանդիպումներից ամենաարդյունավետը եղել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ: Ըստ այդմ Դաշնակցությունն արդեն  իր նախընտրական ծրագրում որոշակի կետեր ներառել է, մասնավորապես` միջազգային բակալավրիատը հայացնելու եւ տեղայնացնելու ծրագիրը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների հայացման եւ թարգմանական գրականության հարցը: ԲՀԿ-ի դեպքում միակ խնդիրն այն է եղել, որ իրենց նախընտրական ծրագիրն արդեն կազմ-պատրաստ տպարանում է եղել, բայց Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ հաջորդ գումարման ԱԺ-ում այս կետերը կլինեն իրենց առաջնահերթ ծրագրային խնդիրներից: «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես խոստացել է, որ շատ կետեր կներառեն իրենց նախընտրական ծրագրում: Նախնական դրական պատասխան են տվել նաեւ «Ազատ դեմոկրատներն» ու ՀԱԿ-ը: Արդյունավետ չի եղել ՀՀԿ-ի հետ հանդիպումը: «Մենք հանդիպեցինք Շարմազանովի հետ, խոստացավ, որ կուսակցության բոլոր կառույցներով կծանոթանան ծրագրի հետ, հետո նոր հանդիպման ժամանակ կասի իրենց վերաբերմունքը, բայց այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ»,- ասաց Իշխանյանն ու պատմեց, որ դրանից հետո մի քանի անգամ եւս փորձել են նրա հետ կապվել, սակայն անարդյունք:

Արդյունք չեն տվել նաեւ ՕԵԿ-ի հետ բանակցությունները, մի քանի անգամ զանգահարել են, բայց իրենց անընդհատ պատասխանել են, որ զբաղված են, ինչն իրենց թույլ է տալիս եզրակացնել, որ լեզվի մասին այս կետերը նրանց չեն հետաքրքրում: «Եթե կուսակցությունները գոնե մի կետ էլ վերցնեն, մենք ողջունում ենք»,- նշեց Իշխանյանը` ընդգծելով, որ նախընտրական այս շրջանում լեզվի մասին կետերի ներառումը շատերի համար կողմնորոշիչ կլինի, թե որ կուսակցությանն իրենց ձայնը տան:

Հանդիպումների ժամանակ քննարկվել է նաեւ բյուջեի հարցը, թե որ կետերն են բյուջեի սահմանում իրագործելի, եւ ինչքանով ծախսատար կլինի այդ ծրագիրը: Ապատյանի խոսքերով, իրենք ունեն շատ մոտավոր հաշվարկ, ըստ որի՝ այդ գումարները չպետք է այնպիսին լինեն, որ կրթության եւ գիտության նախարարությունը ցանկության դեպքում չկարողանա դրանք իրականացնել: «Բացի այդ, եթե բյուջեի գումարները դրան չհերիքեն, կամ կառավարությունը ցանկություն չունենա ամբողջությամբ այդ ծախսերն իր վրա վերցնելու, բնականաբար, այդ դեպքում կարելի է գտնել մասնավոր անձանց, որոնք որ կհամագործակցեն եւ պատրաստ կլինեն այդ ծախսերն անել»,-համոզված է Ապատյանը: Վահան Իշխանյանի համար էլ շատ տարօրինակ կլինի, եթե պետությունն ասի, որ փող չունի, որովհետեւ «կառավարությունը ֆինանսավորում է ռուսալեզու հաղորդում` «Что, Где, Когда», այսինքն ինքը ռուսացնելու ծրագիր է տանում, գրանտներ են տալիս ամենատարբեր թեմաներով, բայց հայերենին ո՞վ է ուշադրություն դարձնում»:

Բայցեւայնպես Իշխանյանը վստահ է, որ ցանկության դեպքում, անգամ աղքատ բյուջեի փաստարկների դեպքում, կարելի է գումարներ գտնել եւ բյուջե մտցնել լեզվի հետ կապված խնդիրները. «Ասում են՝ բյուջեում գումարներ չկան, բայց սրանք այնպիսի խնդիրներ են, որ պետք է գտնես, որովհետեւ սա երկրի զարգացման հիմքն է: Մի կողմից էլ ես գոհ եմ, որ բյուջեի հարցը դնում են, որովհետեւ դա նշանակում է, որ իրենք ուշադիր են կետերի նկատմամբ, հաշվարկում են իրենց մտքում, թե սա ինչ կնստի, իսկ բյուջեն պետք է քննարկման առարկա դառնա հենց կետ առ կետ»:

Արամ Ապատյանն էլ նշեց, որ ավելի լավ կլիներ մայրենիի օր հռչակելու փոխարեն մարդիկ իրենց գործն անեին. «Կարելի է կարծել, որ կրթության ոլորտում պարոն Աշոտյանն ամեն գործ արել է, մնում է Անահիտի գլուխը բերեն-հասցնեն Հայաստան»: Նա առանձնակի կարեւորեց այն, որ որոշ մարմիններ, մասնավորապես Լեզվի պետական տեսչությունն իր պարտականությունները չի կատարում, չհաշված այն, որ տեսչությունը պաշտոնական կայք չունի, ինչը նույնպես ներառված է իրենց առաջարկների մեջ. «Կայքը մենք առաջ ենք քաշել որպես միջոց՝ իրենց պարտադրելու, որ իրենց աշխատանքն անեն»: Իշխանյանի կարծիքով էլ Լեզվի տեսչությունն այսօր կառավարության դեմքն է, ու այն, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում հայերեն լեզվին, շատ խոսուն է:

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

www.hraparak.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Կրթական համակարգ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.