ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի, ստրկամիտ կարելի է լինել։ Ինչու՞ են հայկական հեռուստաընկերություններով եթեր հեռարձակվող որոշ հաղորդումներ անգլերեն վերնագրեր կրում։ Երևի ԱՄՆ-ում կամ Անգլիայում կամ էլ՝ անգլախոս երկրներում ուշագնաց սպասում են հայերենով տարվող, բայց անգլերեն վերնագրերով հայկական հաղորդումների՞ն։
Լեզվի տեսչությու’ն, Տիգրա’ն Հակոբյան, ի՞նչ եք մտածում, ինչու՞ եք դա թույլ տալիս։ ՊՐՈՖԱՅԼ, ՖԵՅՍՔՈՆԹՐՈԼ, ՓՈՍԹՖԱՔԹՈՒՄ, ԼԱՅՖՌՈՒՄՙՙ ՍԹԵՆԴԱՓ, ԹՈՔՇՈՈՒ…….. Դուք երբևէ տեսե՞լ եք, որ անգլիացին, ամերիկացին հայերենով որևէ հաղորդման վերնագիր ունենա։ Ոչ հայկական անուններ՝ միլաներ ու մաքսեր, էլեններ ու ալեններ, ալեքսներ ու “Ձ”իանաներ, միլենաներ ու ջորջեր, վիվիեններ, գաբիներ, միաներ, դանիներ։ Որ կողմ շրջվում ես՝ նույն անունների տեղատարափն է։
Ինչու՞ այդքան չեք սիրում մերը՝ հայկակա’նը՝ հաղորդաշարերից, խանութների անվանումներից սկսած ու անձնանուններից վերջացրած։ Անգամ մարզասրահների անուններն են անգլերենով, լողավազաններինը՝ My club, հյուրանոցների, հանգստյան գոտիների, սգո սրահների, հարսանյաց հանդիսությունների սրահների անունները… Անգլերենախեղդ է երկիրը։ Սա արհամարհանք է մեր լեզվի հանդեպ , նաև’ դավաճանություն, հանցագործություն։
Լեզվի տեսչությունն ինչո՞վ է զբաղված, արդյո՞ք չի նկատում քաղաքում գործող բազմաթիվ խանութների, ծաղկի սրահների, ռեստորանների ու սրճարանների, մանր ու մեծ կազմակերպությունների, ձեռնարկությունների ճակատներին փակցրած անգլերեն անվանումները։ Ո՞վ է պատասախանատվություն կրում այս ամենի համար:
17 հունիսի, 2023թ․
Աղբյուրը՝ Կարինե Ավագյանի դիմատետրի էջը
30 տարի առաջ
1980-ականների վերջ՝ 90-ականների սկիզբ։ Հայկական «գարուն» (այսօրվա բառերով)։ Խորհրդային Միության վերջին տարիներին կյանքի գրեթե բոլոր ոլորտները գրաված ռուսաց լեզվի ու սնկի պես բազմացած ռուսական դպրոցների հետագա անսանձ տարածումը կանխելու համար հայտնվում են լեզվական դաշտը կարգավորող օրենքի մի շարք նախագծեր եւ ներկայացվում խորհրդարանի քննարկմանը։ Կար մոտ 10 էջանոց, ինչպես թվում էր՝ շատ սեղմ, հիմնական հարցերը կարգավորող մի նախագիծ։ Կար մի ծավալուն՝ «Լեզվական օրենսգիրք»՝ շուրջ 40 էջ ծավալով, ուր դիտարկված էին կարգավորում պահանջող բոլոր հնարավոր դեպքերը։ Բայց 1993 թվականին հաստատվեց հազիվ մի 2-3 էջանոց տարբերակ, ուր չէին շոշափված բազմաթիվ կարեւոր հարցեր։ Այնուամենայնիվ, դա էլ նվաճում էր այն ապազգային մթնոլորտում, որն իշխում էր նորանկախ հայոց երկրում։ Բացի այդ, ստեղված էր Լեզվի տեսչություն, եւ հույս կար, որ աստիճանաբար հնարավոր կլինի կարգավորել լեզվական դաշտը։ Սակայն տարեց տարի այդ տեսչության կարգավիճակը եւ հեղինակությունը նվազում էր, եւ փաստորեն ոչ մի լուրջ խնդիր այդ ատյանը չէր լուծում։
Շարունակությունը →
— Ի՞նչ է քո անունը, — հարցրեց արքայից-արքան:
— Ես հայերեն չգիտեմ, — հունարեն պատասխանեց Եվպատորի զորապետը:
Մի ակնթարթում Տիգրանի դեմքը փոխվեց:
Զայրույթից նա չկարողացավ նստած մնալ տեղում, ելավ գահից և, առանց որևէ մեկի կողմը նայելու, սկսեց անցուդարձ անել:
Հետո նորից բազմեց գահին և դիմելով անծանոթ զորապետին, հունարեն հարցրեց:
— Դու հա՞յ ես:
— Այո:
— Ի՞նչ է քո անունը:
— Հեկտոր:
— Քանի՞ տարեկան ես:
— Քսանյոթ:
— Քսանյոթ տարի աշխարհի վրա ապրել ես առանց հայերեն խոսելո՞ւ:
— Արքայից-արքա, Պոնտոսում հունարեն են խոսում:
— Բայց դու հայ ես:
— Այո, և այնուամենայնիվ Պոնտոսում կարելի է ապրել նաև առանց հայերենն իմանալու:
— Մի՞թե այդպես են մտածում Պոնտոսում գտնվող բոլոր հայերը:
— Երևի ոչ բոլորը:
Շարունակությունը →
— Դու Մովսես, պետք է անգիր հիշես հայերեն այն տասնմեկ բառ անունները, որոնք երեքից-չորս հազար տարեկան են և որոնք զուգահեռներ չունեն մյուս լեզուներում` 1. Երկաթ 2. Ոսկի, 3. Արծաթ, 4. Պղինձ, 5. Կապար, որ կոչվում է նաև արճիճ, 6. Արույր, որ կոչվում է նաև դեղին պղինձ 7. Ծծումբ, 8. Ծարիր, 9. Անագ, 10. Զառիկ, որ կոչվում է նաև մկնդեղ, 11. Սնդիկ:
Այդ տասնմեկ բառը ազգության դիմագիծը ցուցանող մի ամբողջ հարստություն է, դրանով կարելի է հավաստել, որ հայերենն աշխարհի վրա հնչող չորս ամենահին լեզուներից է, այդ չորսի մեջ էլ` գուցե երեցը:
Հայերենով դու կարող ես լսել տիեզերքի ամենանուրբ շշուկն ու ամենաահեղ գոչյունը, նռան ճայթյունն ու դեռատի աղջկա սիրո հևքը:
Այո, Մովսես, հայերենը պիտի մնա աշխարհում: Առանց հայերենի տիեզերքը մեզ համար ինչ-որ տեղ կմնա անթարգման: Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին:
Հայկ Խաչատրյան, «Քերթողահայրը»
3-4 օր առաջ հեռուստացույցի ալիքները թերթելիս պատահաբար բացվեց Բուն TV-ն։ Մի երիտասարդ պատանիներին խելք էր սովորեցնում։ 2-3 րոպեից պարզ դարձավ, որ լծվել է «հայկական միֆերի» կազմալուծման հին, պատվիրովի գործին։ Բայց այս անգամ ուզում եմ անդրադառնալ ոչ թե ելույթի բովանդակությանը, այլ լեզվին։ «Իմաստունն» իմ տեսած 5 րոպեի ընթացքում հայոց լեզվի նկատմամբ դրսևորեց ծայրահեղ արհամարհանք՝ կիրառելով մի շարք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները հանրածանոթ են։ Մասնավորապես, «ազդեցությունների» փոխարեն ասեց «ինֆլուընսներ», «հռետորաբանության» փոխարեն՝ «րիտորիկա», «վճիռ» բառի փոխարեն՝ «վիրձիկտ»։ Կարճ ասած՝ հայոց լեզվի ոտնահարում և այլանդակ աղճատում, այն էլ՝ հանրային եթերով։
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ հայկական ՏՏ ոլորտում մի հայտնի ընկերության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջին գրել էր ՏՏ խնդիրների մասին՝ դարձյալ կոպտորեն ոտնահարելով հայոց լեզուն։ Նրա գրառման մեջ կիրառված էր օտար բառերի մի ամբողջ շարք, որոնց մեծ մասի հայերեն տարբերակները վաղուց հայտնի են, օրինակ՝
IT-ն հայերեն ՏՏ-ն է,
պրոդուկտը՝ արտադրանքն է,
թրենդերը՝ միտումներն են,
Սոֆթը՝ ծրագրաշարն է,
սոֆթային-ը՝ ծրագրաշարայինն է,
տոտալը՝ համընդհանուրն է,
ֆունդամենտալը՝ հիմնարարն է,
ակումլյատորները՝ կուտակիչներն են,
3D տպիչները՝ 3-չափ տպիչներն են,
ափլիքեյշնները՝ հավելվածներն են,
ինովատիվ լուծումները՝ նորարար կամ նորարարական լուծումներն են,
IT ինդուստրիան՝ ՏՏ արդյունաբերությունն է,
տեխնոլոգիականությունը՝ արտադրելիությունն է,
R&D-ն՝ ՀևՄ-ն է (Հետազոտում եւ Մշակում),
SDK-ները ԾՄԼ-ներն են (Ծրագրային Մշակման Լրակազմ) և այլն։
Վերջին երեք եզրույթները նոր բառեր են, որոնք դեռ չեն մտել լայն շրջանառության մեջ (ի դեպ, նույն գրառման մեջ կիրառված «վենչուր կապիտալն» էլ կարելի է թարգմանել վտանգախնդիր կամ վտանգաշատ կապիտալ, իսկ «աութսորսինգը»՝ արտակապալ)։ Եվ հե՛նց ՏՏ ոլորտի ղեկավարների ու պատասխանատուների գործն ու պարտականությունն է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի դրանց կիրառելիությունը ընդլայնվի ու հաճախակիանա։ Լեզվի հարցն անչափ կարևոր հարց է պետականաշինության գործում։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին ու հատկապես այսօրվա դրությամբ մեծ նշանակություն ստացած ՏՏ-ին։
Այս պարզ ու հասկանալի նկատառումներս հայտնեցի գրառման հեղինակին՝ հորդորելով, որ «պետք է հնարավորին չափ ձերբազատվել օտարաբանություններից ու գրել պարզապես հայերեն»։ Բայց նա մերժեց իմ տեսակետը՝ փոխարենն առաջադրելով մի շարք սիրողական և ինքնահնար թեզեր։ Մասնավորապես, ըստ նրա՝ «Լեզուն նույնպես անհրաժեշտություն ունի մշտական էվոլուցիայի (իմա՝ բարեփոխման — Ա.Ա.), և այն միշտ պետք է լինի մրցունակ։ Օրինակ 2000 տարի առաջ մարդիկ սիրում էին երկար արտահայտվել ու ունենալ երկար անուններ։ 21-րդ դարում ամեն ինչը ձգտում է լինել կարճ ու լակոնիկ։ Երբ լեզուն կորցնում է իր մրցունակությունը, որպես հետևանք նրա տեղը աստիճանաբար զբաղեցնում են օտար լեզուներից փոխառությունները»։
Փորձեցի մի փոքր էլ պարզաբանել՝ առարկելով այսպես. «Եթե ժամանակին հայերը հետևեին ձեր մոտեցումներին, ապա այսօր հեծանիվին պետք է վելոսիպեդ կամ բայսիքլ ասեինք, հեռախոսին՝ տելեֆոն, թնդանոթին՝ պուշկա, ականանետին՝ մինամյոտ, սուզանավին՝ պադվոդնի լոդկա կամ սուբմարին և այդպես շարունակ… Այսօր չէինք ունենա ՀԱԶԱՐԱՎՈՐ բառեր ու չէինք կարող մեր սերունդներին հայերեն կրթել։ Ամբողջական մասնագիտական բնագավառներ (ինչպիսիք են, օրինակ, իրավագիտությունը, փիլիսոփայությունը, ռազմական գործը, բժշկագիտությունը, աստղագիտությունը և մյուսները) կմնային առանց հայերեն բառերի և մեր լեզուն պարզապես կմահանար»։
Սակայն ջանքերս ապարդյուն էին, քանի որ ՏՏ ոլորտի մասնագետն իրեն կարծում էր նաև լեզվագիտության տեսաբան՝ հայոց լեզվի զարգացումը դիտելով, իր կարծիքով, «սոցոլոգիական և կիրառական» (իրականում՝ սիրողական) տեսանկյուններից։
Չերկարացնեմ։ Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ
1) խնդրո առարկա գրառմանն ամբողջությամբ (https://www.facebook.com/vahram.martirosyan.31/posts/pfbid02ykCnT967o4SKiBLfUrnmWuFu668wHJh69XJ6gcSrTEsg2sjDWKnCsxivFizTFfESl),
2) դրա մեկնաբանությունների բաժնում իմ ու հեղինակի միջև գրագրությանը (պատճենահանումները՝ ստորև),
3) այդ գրառման մեջ կիրառված օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների համեմատական աղյուսակին։
Ցավոք, ՏՏ մասնագետներից շատերի մոտ եմ նկատել հայոց լեզվի նկատմամբ քամահրական վերաբերմունք։ Երևույթն ունի մի շարք առարկայական պատճառներ, բայց հիմնականն այստեղ այն է, որ նրանք հայոց լեզվի ու մշակույթի զարգացման օրինաչափությունների մասին ունեն ԶՐՈՅԱԿԱՆ գիտելիքներ։
Ուստի կոչս ուղղում եմ մեր բոլոր լեզվաբաններին, բանասերներին ու առհասարակ հայագետներին. հարգելիներս, անտարբեր մի՛ եղեք։ ՏՏ և շատ ուրիշ ոլորտների մեր հատկապես երիտասարդ մասնագետներին պետք է մշտապես սիրով ու համբերատար բացատրել, թե հայոց լեզվի հարցում ինչն ինչից հետո է գալիս։ Որովհետև հայերենագիտությունից այնքան չգիտեն, որ չգիտեն էլ, թե ինչ չգիտեն։ Եվ իրենք պակաս մեղավոր են, քան մեր չկայացած պետությունն ու նրա իրարահաջորդ ապազգային կառավարությունները, որոնք ձախողել ու տապալել են նաև լեզվական քաղաքականությունը։ Պատահական չէր, որ Լեզվի պետական տեսչության ոչնչացման գործընթացը սկսվեց Սերժի ու ՀՀԿ-ի օրոք, ավարտվեց՝ Նիկոլի ու ՔՊ-ի օրոք։
Խնդիրը դարձյալ ընկնում է մասնագետ հայ անհատների ուսերին։ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՀՈՂՆ ԵՆ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂԸ։ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԿՌԻՎ ՊԵՏՔ Է ՏԱՆՔ։
Հ.գ. Այս հարցերին այլ առիթներով էլ եմ անդրադարձել, տե՛ս, օրինակ, 2013 թ. մարտի 13-ի գրառումս՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02D22XJy7dJToC1hipuDk8wY2oN2M5y8scqs764yv857sTMfUNxwkjny3xKBPTkXHNl&id=100015837611475
Աղբյուրը՝ Արմեն Այվազյանի դիմատետրի էջը
Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։
Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց միևնույն է ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։
Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։
Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։
Շարունակությունը →
Այդ բոլորի դեմ մենք, ամենից առաջ հայ կոմունիստներս, պիտի կռվենք անխնայորեն և անողոքաբար: Հայաստանը կապված է եղբայրական կապերով Խորհրդային Ռուսաստանի հետ: Բայց նա միաժամանակ դրա հետ անկախ մի հանրապետություն է, որ ունի իր ուրույն ազգային դեմքը: Հայաստանը հայ աշխատավորների, հայ ժողովրդի պետությունն է: Եվ այդտեղ պետական լեզուն հայերենն է: Նա, ով չի ցանկանում այդ ըմբռնել, ով դիտավորությամբ խուսափում է գործածել հայերենը պետական հիմնարկությունների մեջ, իրապես վարում է հակահեղափոխական մի գործ: Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այս պահանջին, կարող է հեռանալ երկրից: Խորհրդային Հայաստանը հայ բանվորների և գյուղացիների պետությունն է:
Մեր մտավորականության մեջ ազգայնականների կողքին կա մի ուրիշ տարր, որը սոցիալիստական պետության համար նույնքան անհանդուրժելի է, ինչպես առաջինը: Դա այն տարրն է, որ կտրված է իր հայրենիքից և համակված է յուրօրինակ բուրժուական հակասական տրամադրություններով: Դա այն տարրն է, որ ամենայն կերպ պաշտպանել է ռուսականացման այն սկզբունքը, որ կիրառվել է մեր երկրում ցարիզմի օրերից: Այդ տարրին պատկանող մտավորականները չեն ցանկանում ամենևին ուսումնասիրել հայ լեզուն և կյանքը ու գերադասում են կառավարել երկիրը ռուսական լեզվի միջոցով: Այդ տարրի ներկայացուցիչներից շատ շատերը սիրում են անշնորհք ռուսերենով ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքը դեպի հայ լեզուն… Դրանց թվում է, թե այժմ իրենք իրավունք ունեն հակադրել դաշնակցականների վայրենի նացիոնալիզմին կադետների գռեհիկ ռուսիֆիկատորությունը:
Հայ աշխատավորության 90 տոկոսը ռուսերեն չգիտի և խոսում է միայն հայերեն, հետևաբար աշխատավորական հանրապետության լեզուն ևս պիտի լինի ժողովրդի լեզուն: Այն մի խումբ մտավորականները կամ հայ բուրժուազիայի զավակները, որոնք չեն ցանկանում սովորել պետական լեզուն, պիտի մի ուրիշ տեղ ցուցադրեն իրենց ընդունակությունները: Մեր պետական հիմնարկություններից պիտի դուրս նետվեն բուրժուական լամուկների և օրիորդների այն խմբերը, որոնք աղավաղում են Խորհրդային Հայաստանի ժողովրդական դեմքը: ՀՍՍՀ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյան («Սովետական Հայաստան» թերթ, 1921թ., հուլիսի 1, առաջնորդող)
Աղբյուրը՝ https://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/277846832789492/?type=3
|